Ադրբեջանում որոշել են ԵԱՀԿ-ի վրա ճնշում գործադրելու արմատական մեթոդի դիմել եւ փորձել կազմակերպությանը շանտաժի ենթարկել:
Ադրբեջանի փոխվարչապետը ԵԱՀԿ-ին «շանտաժի է ենթարկում» կազմակերպությունից դուրս գալով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մարտավարության մունետիկն է դարձել Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդովը:
Ըստ haqqin.az-ի՝ պաշտոնյան լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ արմատական փոփոխություններ են անհրաժեշտ»: Դրա հետ մեկտեղ Ալի Ահմեդովն ընդգծել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդական ջանքերի անկողմնակալության պահպանման կարեւորությունը:
«Ցավոք, դա դժվար է վերագրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին: Դժվար է նրանց ջանքերը ժխտել, սակայն հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ 20 տարի շարունակվող գործունեությունը ոչ մի արդյունք չի տվել: Հետեւաբար՝ միջնորդների աշխատանքում անհրաժեշտ են արմատական փոփոխություններ»,- ընդգծել է Ահմեդովը: Նրա խոսքով՝ եթե նման փոփոխություններ չլինեն, ապա դա կսասանի ԵԱՀԿ-ի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդեպ Ադրբեջանի վստահությունը, եւ հարց կառաջանա՝ արդյոք այդքան անհրաժեշտ է Բաքվի ներկայությունը ԵԱՀԿ կազմում եւ արդյոք անհրաժեշտ է Մինսկի խմբի հեռտագա գործունեությունը:
«Հայաստանը փորձում է հակամարտության կարգավորումը ձգձգել՝ ձգտելով պահպանել ներկայիս ստատուս քվոն: Բայց Երեւանում պետք է հասկանան, որ հակամարտությունը վաղ թե ուշ կլուծվի միջազգային իրավունքի հիման վրա: Հակառակ դեպքում Ադրբեջանը վճռական քայլերի կդիմի՝ դրա համար օգտագործելով իր բոլոր հնարավորությունները»,- վիրավորված ասել է Ահմեդովը: