Համանախագահների հայտարարությունն , ըստ էության և հետաքրքիր էր, և դրական, իսկ ինչ վերաբերում է դրականին, ապա շատ կարևոր է, որ նրանք դատապարտել են ապրիլյան պատերազմը:
Դավիթ Բաբայան. Ժամանակն է, որ հասցեական նշվեն հայտարարությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, «Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում, ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Սա նշանակում է, որ կարևորվում է խաղաղ կարգավորումը և անընդունելի են համարում ցանկացած ուժային տարբերակ: Կարևոր է նաև, որ կոշտ ձևակերպումով են դատապարտել վայրագությունները, բարբարոսությունները, և այլն»,- նշեց նա:
Բաբայանի համոզմամբ, իհարկե, ակնհայտ է, որ դրանք վերաբերում են ադրբեջանական կողմին, սակայն մյուս կողմից, արդեն պահն է, որ հասցեական նշվեն հայտարարությունները:
«Եթե հասցեական չեն, ապա նշանակում է, որ հանցագործը, տվյալ դեպքում՝ Ադրբեջանը, առիթից օգտվում է: Ուստի կոչ ենք անում, որ ավելի հասցեական հնչեն հայտարարությունները, մանավանդ, որ բոլոր փաստերը մեր կողմից ներկայացվել են ՄԱԿ-ին, ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակին և տարմբեր միջազգային ատյաններին տեսագրությունների, լուսանկարների ու փաստական այլ տվյալների ձևով»,- մանրամասնեց Բաբայանը:
Համբուրգում կայացած 3+2 ձևաչափով կայացած հանդիպումները Բաբայանը կարևորեց, քանզի հանդիպումները խաղաղ գործընթացի մաս են կազմում:
«Ցանկացած հանդիպում կարևոր է, դրական է, քանզի խաղաղ գործընթացի մի մաս է: Ընդհանրապես ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է դիտարկենք երկու հարթությունում: Առաջինը խաղաղության և կայունության պահպանումն է տարածաշրջանում, իսկ մյուսը՝ բուն կարգավորումն է: Քանի որ կողմերն ունեն բոլորովին իրարամերժ մոտեցումներ, ավելին՝ Ադրբեջանը շարունակում է սաստկացնել իր ֆաշիստական հռետորաբանությունը և քաղաքականությունը, ապա այդ հանդիպումներից ակնկալել տեղաշարժեր բուն կարգավորման գործընթացում, դեռևս վաղաժամ է, հետևաբար նման հանդիպումների կարևորությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման տեսանկյունից են արժևորվում»,- ասաց Բաբայանը: