Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 20-ին, հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:
Սերժ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել եւ հանձնարարականներ տվել (ֆոտո)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ օրակարգի շրջանակներում ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը զեկուցել է «Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման հայեցակարգի» նախագիծը: Հայեցակարգի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունից եւ կոչված է ապահովելու ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման քաղաքականության շարունակականությունը` հիմնվելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության չափանիշների, ինչպես նաեւ ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման միջազգային առաջատար փորձի վրա: Այն նպատակաուղղված է Հայաստանում ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի կառավարման համակարգի առավել կատարելագործմանը, ռադիոակտիվ նյութերի հետ գործունեություն իրականացնող սուբյեկտների, ինչպես նաեւ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ համագործակցության զարգացմանը:
Նախագծի քննարկման արդյունքում Հանրապետության նախագահը, կարեւորելով փաստաթղթի ընդունման անհրաժեշտությունը, հանձնարարել է ՀՀ վարչապետին՝ ՀՀ փոխվարչապետի եւ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի հետ քննարկել եւ առաջարկություն ներկայացնել «Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման հայեցակարգի» դրույթներից բխող ՀՀ կառավարության ռազմավարության մշակման ժամկետների վերաբերյալ:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Անվտանգության խորհրդի անդամներին զեկուցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը 2018թ. Հայաստանում անցկացնելու մասին հարցը, որի վերաբերյալ հանձնարարական էր ստացել Հանրապետության Նախագահի հետ դեկտեմբերի 2-ին ունեցած աշխատանքային հանդիպման ժամանակ: Խորհրդի նիստում որոշվել է ստեղծել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստման միջգերատեսչական հանձնաժողով:
Նախագահը հանձնարարել է կառավարությանը՝ մեկամսյա ժամկետում ապահովել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստման եւ անցկացման գործողությունների ծրագրի մշակումը եւ ներկայացումը ՀՀ նախագահի հաստատմանը: Հանձնարարվել է նաեւ ձեւավորել Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում ՀՀ նախագահության նախապատրաստման եւ անցկացման հարցերով քարտուղարություն:
Ազգային անվտանգության խորհրդի անդամները լսել են նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի զեկույցը ՀՀ կառավարության 2009թ. հուլիսի 2-ի N 27 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած՝ ՀՀ ժողովրդագրական քաղաքականության ռազմավարության եւ Ռազմավարության իրականացումն ապահովող միջոցառումների ցանկի (2009-2035թթ.) իրականացման արդյունքների եւ ոլորտի հետագա զարգացման տեսլականի վերաբերյալ: