Մարդկանց թիվը, ովքեր ամեն օր լքում են Մոսուլը, աճել է 50 տոկոսով՝ ԴԱԻՇ-ից իրաքյան այդ քաղաքի ազատագրման գործողության երկրորդ փուլի մեկնարկից հետո։
Մոսուլը լքող մարդկանց օրական ցուցանիշն աճել է 50 տոկոսով. ՄԱԿ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Նա ներկայացրել է Մարդասիրական հարցերի համակարգման ՄԱԿ-ի վարչության տվյալները, համաձայն որոնց՝ դեկտեմբերի 29-ից Մոսուլի շրջանում դիտվում է ռազմական գործողությունների ակտիվացում։ Վերջին 5 օրում քաղաքից փախել է 13 հազար մարդ։
«Մարդկանց միջին թիվը, ովքեր լքում են քաղաքն ամեն օր, ռազմական գործողությունների ակտիվացման պահից աճել է մոտ 50 տոկոսով՝ 1600-ից հասնելով 2300-ի»,-ասել է Դյուժարիկը։ Նա հավելել է, որ Մոսուլից տեղահանվածների ընդհանուր թիվը հասել է 130 հազարի։
Գլխավոր քարտուղարի ներկայացուցչի խոսքով՝ ՄԱԿ-ն ու նրա գործընկերները մարդասիրական օգնություն են մատակարարում իրաքյան քաղաքի արևելյան թաղամասեր, որտեղ իրավիճակը կայունացել է։