Հունվարի 13-ը հասարակության մոտ ընդունված է որպես հին Նոր տարի, և հունվարի 13-ից 14-ի անցումն է, որ պետք է ընդունել որպես հին Նոր տարի, այսինքն` հունվարի 13-ը պետք է ընկալել որպես դեկտեմբերի 31
Հունվարի 13-ը հասարակության մոտ ընդունված է որպես հին Նոր տարի, բայց եկեղեցու տոմարով Տիրոջ անվանակոչության օրն է. Տեր Բաբկեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թերթ.ամ կայքի հաղորմամբ՝ այսօր հրավիրված ասուլիսին ասել է Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը:
Քահանան, սակայն շեշտեց, որ տոնը եկեղեցու համար չի հնչում որպես հին տարի: «Մեզ համար կարևոր է ամսի 13-ը ` որպես Տիրոջ անվանակոչության օր: Տոմարային առումով մենք Գրիգորյան տոմարով ենք առաջնորդվում հայ-առաքելական եկեղեցին և հունվարի 1-ի սկիզբը, որ ունենք, նշում ենք որպես Ամանոր կամ որպես Կաղանդ: Այդ օրը պատարագ կա, տարվա սկիզբն է, արարչության առաջին օրն է, եկեղեցին օրհնությամբ է սկսում տարին, իսկ 13 օրերի հետ կապված Հուլիոս Կեսարի հետ է կապվում հին տոմարը»,-բացատրել է Տեր հայրը:
Նա նշել է, որ ըստ այդ տոմարի`տարին բաղկացած էր 365 օր և քառորդ օր, և 1582 թվականին Գրիգոր 13-րդ պապը ժողով հրավիրեց ու այն ժամանակ մի բժիշկ առաջարկեց փոխել այդ տոմարը:
«Տոմարային տարբերությունը մեզ համար տոն չէ, մենք ամսի 13-ն ընդունում ենք որպես անվանակոչության օր, այսինքն` փառաբանվում է Տիրոջ Հիսուս անունը, հենց այդ օրը մանուկ Հիսուսին տարան տաճար և անուն դրեցին, և այդ տոնը անշարժ տոն է»,-ասել է նա:
Տեր Բաբկենի հորդորն է, որ մարդիկ տոների խորհրդին գիտակից լինեն: «Մարդիկ ավելի շատ պիտի խորհրդին հետևեն: Ի՞նչ է նշանակում Նոր տարի, դա մարդն է, որ պետք է միշտ նորովի լինի, վերածնվի, Տերն ասում է` ձեզ մեջ այնպիսի մեծ գանձ կա, որ տիեզերքում չկա, պետք է գտնենք դա մեր մեջ, պետք է լինել երջանիկ և Աստծով է այդ երջանկությունը»,-ասել է նա:
Ի դեպ, քահանան կոչ արեց բոլոր քրիստոնյաններին լինել եկեղեցիներում հունվարի 13-ին, մասնակցել պատարագին` շուրթերի վրա Փրկչի անունն ունենալով: