ՀԱՊԿ մոտակա գագաթաժողովը գլխավոր քարտուղարի հարցում պետք է հստակություն մտցնի, իսկ այդ տեղը Հայաստանինն է: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու այս տարվա հունվարի 1-ից Հայաստանի ներկայացուցիչը չի նշանակվել այդ պաշտոնում, ինչպես նախատեսված էր նախապես:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղը Հայաստանինն է, այդ հարցում հստակություն կմտնի մոտակա գագաթաժողովում. ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Շավարշ Քոչարյանն այս հարցի առնչությամբ ասաց հետեւյալը.
««Ընդունվել է որոշում, որ ՀԱՊԿ-ում արդեն գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է ռոտացիոն կարգով փոխարինվի եւ բնական է, որ եթե ռոտացիան ուժի մեջ է մտնում, ապա առաջին պետությունն ըստ ռուսերենի այբուբենի Հայաստանն էր: Այդ որոշումը կայացվել էր: Նախորդ տարի նաեւ արձանագրվել էր, որ այո, այս տարվա հունվարի 1-ին այդ պաշտոնում պետք է ՀՀ ներկայացուցիչը լիներ:
Երբ Երեւանում տեղի ունեցավ ՀԱՊԿ-ի գագաթաժողովը, այդ ժամանակ չեղավ կոնսենսուս, որովհետեւ ժամանակ պահանջեցին, որ անդրադառնան այդ հարցին արդեն մյուս հանդիպմանը, որը նախորդ տարի է եղել: Այդ հանդիպմանը չի եղել Բելառուսի նախագահը, որը հնարավորություն չի տվել որոշում կայացնել: Արդյունքում հունվարի 1-ից ոչ թե ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար կա, այլ պաշտոնակատար է դարձել գլխավոր քարտուղարի տեղակալը, որովհետեւ կար որոշում, ըստ որի չէր կարող Բորդյուժան շարունակեր մնալ գլխավոր քարտուղար:
ՀԱՊԿ մոտակա գագաթաժողովը այս հարցում պետք է հստակություն մտցնի: Իսկ այդ տեղը Հայաստանինն է եւ հենց եղավ այդ հավաքը եւ կոնսենսուսային որոշումը, կլինի Հայաստանի ներկայացուցիչը», հայտնում է news.am-ը:
Դիտարկմանը, որ մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ Բելառուսն ու Ղազախստանը խոչընդոտում են ՀՀ ներկայացուցչի նշանակմանն այդ պաշտոնում, ԱԳ փոխնախարարն արձագանքեց. «Ղազախստանը երբեւիցե այդ հարցում խոչընդոտ չի հարուցել: Բելառուսի նախագահի բացակայությունը նախորդ համաժողովին առաջացրեց այդ խնդիրը»:
Նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը այս տարվա հունվարի 1-ից Ռուսաստանից պետք է փոխանցվեր Հայաստանի ներկայացուցչին, սակայն այդ հարցը ձգձգվում է, փոխարենը ՀԱՊԿ պաշտոնակատար է դարձել գլխավոր քարտուղարի տեղակալը: