Մինսկում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինը Բելառուսի Գերագույն դատարան բողոք է ներկայացրել։
Ալեքսանդր Լապշինը Բելառուսի Գերագույն դատարան բողոք է ներկայացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am–ի հետ զրույցում Լապշինի փաստաբանն ասել է, որ իր պաշտպանյալի բողոքն ընդունվել է Գերագույն դատարան։ «Փաստաբանների բողոքը դեռեւս չի ներկայացվել։ Այն կներկայացվի այսօր՝ ավելի ուշ»,– ասել է փաստաբանը։
Այս պահին Ռուսաստանն ու Իսրայելը փորձում են հասնել Լապշինի արտահանձնման որոշման չեղարկմանը, ԱՄՆ–ում անթույլատրելի են համարում խոսքի ազատության իրավունքի համար նրան հալածելը։
Դեկտեմբերի կեսին Լապշինը, որը նաեւ ՌԴ քաղաքացի է, Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցումով, որտեղ նրան ԼՂՀ այցելության համար ընդգրկել էին «սեւ ցուցակում»։ Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:
Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը։
Մեղադրանքի զավեշտալի մասն այն է, որ Ալեքսանդր Լապշինի մեղադրում են այն բանի համար, ինչն իրականում Ադրբեջանի պետական մարմիններն են արել՝ օտարերկրացին ամենեւին էլ պարտավոր չէ իմանալ երկիր այցելելու օրենքները ,իսկ պետական մարմինները սահմանին նրան չեն նախազգուշացրել։ Այսպիսով, մեղավորները այն սահմանապահներն են, որոնք թույլատրել եներկիր մտնել նոն գրատա անձնավորությանը, մինչդեռ մեղադրանքը բլոգերին է առաջադրվել։