Պոլսո Հայոց պատրիարքարանի շուրջ անսպասելի զարգացումները շարունակվում են:
Պոլսի Հայոց պատրիարքարանի ճգնաժամային իրավիճակը պարզելու համար կաթողիկոսը Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին և Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին հրավիրել է Հայաստան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատրիարքի ընտրության հետ կապված ճգնաժամային իրավիճակը պարզելու և համապատասխան որոշում կայացնելու համար Հայաստան է հրավիրել Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին և եկեղեցական խորհրդի նախագահ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, գրում է tert.am-ը հղում անելով «Ակօս» պարբերականին:
Ամենայն Հայոց կաթողիկոսը նաև առկախել է երեկ տեղի ունեցած արտակարգ ժողովի որոշումը՝ համարելով այն կանոնակարգի խախտում:
Հիշեցնենք, որ եկեղեցական խորհրդի նախագահ, արքեպիսկոպոս Սահակ Մաշալյանի կողմից Արամ Աթեշյանի հասցեին հնչած մեղադրանքներն ու Մաշալյանի հրաժարականի հայտարարությունը սկիզբ դրեց նոր ճգնաժամային իրավիճակի, որի արդյունքում համայնքի ներկայացուցիչները արտահերթ ժողով գումարեցին:
Մաշալյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ փոխպատրիարքի աթոռին Աթեշյանը շարունակում է մնալ «մանիպուլյացիայի, սպառնալիքների և փոխպատրիարքի իրավասությունները սեփական շահերին ծառայեցնելու միջոցով»:
Սահակ Մաշալյանի հրաժարականի հայտարարության և պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին ուղղված մեղադրանքների առիթով հրավիրված ժողովի ընթացքում, մասնավորապես, որոշվել էր.
Փետրվարի 17-ին եկեղեցական խորհուրդը պետք է ընտրեր պատրիարքի պաշտոնական տեղապահ:
Տեղապահը փետրվարի 18-ին, օգտագործելով իրեն տրված իրավասությունները, պետք է գումարեր եկեղեցական խորհրդի ժողով, ընտրվում է պատրիարքի ընտրությունների հարցով հատուկ 15 հոգանոց հանձնաժողովը:
Փետրվարի 20-ին հանձանաժողովը վերջնական տեսքի էր բերելու ընտրությունների անցկացման մասին Ստամբուլի նահանգապետարանին ներկայացվելիք նամակը:
Պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը մինչև մայիսի 28 կմնա փոխպատրիարքի պաշտոնում, սակայն իրավասություն չի ունենա ընտրական գործընթացին միջամտելու:
Ներկայում կայացած ժողովի ընթացքում ընդունված բոլոր որոշումները համարվում են ժամանակավորապես առկախված: