Պոլսո պատրիարքի ընտրություններից առաջ համայնքում և պատրիարքությունում լարվածությունը շարունակվում է:
Երուսաղեմի պատրիարքությունն արձագանքել է Կ. Պոլսի պատրիարքի ընտրության շուրջ ստեղծված վիճակին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հրաժարական է տվել և բացահայտումներ արել պատրիարքությունում տեղի ունեցող իրավիճակի և պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի վերաբերյալ: Նա իր որոշման մեջ մեղադրել է Արամ սրբազանին և ասել, որ հրաժարականի պատճառը փետրվարի 13-ին տեղի ունեցած հոգևոր խորհրդի ժամանակ Աթեշյանի ցուցաբերած վարքն է: Նա նաև ասել է, որ այս իրավիճակում չի պատրաստվում իր թեկնածությունն առաջադրել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններում և հեռանալու է Ստամբուլից:
Խնդրին միջամտում է Մայր աթոռ սուրբ Էջմիածինը: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով Պոլսո փոխպատրիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանն ու պատրիարքարանի հոգևոր խորհրդի առաջնորդ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը մոտակա օրերին ժամանելու են Էջմիածին։
Խնդրին անդրադառնում է նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը: Պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, որ մամուլի հրապարակումներից և հեռուստատեսության հաղորդած լուրերից են տեղեկացել Պոլսո պատրիարքության շուրջ ստեղծված իրավիճակի մասին, որևէ պաշտոնական հաղորդագրություն չեն ստացել պատրիարքարանից: «Ընդհանուր առմամբ՝ արդեն իններորդ տարին է, որ պատրիարքի լուրջ առողջական խնդիրների պատճառով փոխանորդի մակարդակով է ղեկավարվում: Մեր ցանկությունն է, որ այս խնդիրը խաղաղ հանգուցալուծվի, և առաջիկայում տեղի ունենա պատրիարքական ընտրություն, և աթոռը այլևս ունենա իր արժանի գահակալը»,- ասել է Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: Նա նշել է, որ Տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանի բարձրացրած խնդիրներից իրենք անտեղյակ են եղել:
Հարցին՝ Պոլսո փոխպատրիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանն ու պատրիարքարանի հոգևոր խորհրդի առաջնորդ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը մոտակա օրերին ժամանելու են Էջմիածին, արդյոք Էջմիածնում կկարողանա՞ն խնդրին լուծում տալ, Կորյուն վարդապետ Բաղդասարյանն արձագանքել է. «Ինձ թվում է՝ այո: Վեհափառ հայրապետի իմաստուն կարգադրությամբ և մեր սրբազան հայրերի ողջամիտ խոհեմությամբ հնարավոր է այս թնջուկը լուծել, որից պետք է շահի թե՛ պատրիարքարանը, թե՛ հայոց եկեղեցին»։