Ճապոնիայի կառավարությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ կապված մինչ տարեվերջ Կուրիլյան կղզիներում զորամիավորում տեղակայելու ՊՆ պլանների հետ։
Ճապոնիան բողոքի նոտա է հղել ՌԴ-ին՝ կապված Կուրիլներում զորամիավորում տեղակայելու պլանների հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով երկրի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգուին։
«Մենք ուշադիր հետևում ենք Ռուսաստանի գործողություններին հյուսիսային չորս կղզիների շրջանում։ Այժմ մենք հավելյալ տեղեկություններ ենք հավաքում՝ կապված զորամիավորում տեղակայելուն առնչվող պլանների մասին վերջին հաղորդագրությունների հետ»,-հայտարարել է նա։ Սուգուի խոսքով՝ Տոկիոն կողմ է հանդես գալիս այդ կղզիների խնդրի շուրջ բանակցությունների շարունակմանն ու փոխընդունելի որոշման որոնմանը։
Ճապոնիայի ԱԳՆ-ը նաև հստակեցրել է, որ Կուրիլյան կղզիներում Ռուսաստանի ռազմական ներկայության ամրապնդումը հակասում է Տոկիոյի դիրքորոշմանն առ այն, որ դրանք Ճապոնիայի տոհմական տարածքներն են։