ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վստահեցնում է, որ Զինված ուժերը շարունակում են լիարժեքորեն վերահսկել սահմանին տիրող իրավիճակը:
Զինադադարի ցանկացած խախտում որեւէ կերպ չի կարող արդարացվել. Վիգեն Սարգսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կա որոշակի լարվածության աճ օգտագործվող զինատեսակների առումով. այսօր օգտագործվել են ականանետեր, թեթեւ հրետանի: Ես կարծում եմ, որ մենք դրան պետք է, ինչպես միշտ, զգոնությամբ եւ մշտական պատրաստվածությամբ մոտենանք, որովհետեւ հակառակորդը չի թաքցրել եւ չի թաքցնում իր նպատակները, իր առջեւ դրվող խնդիրները: Մեր Զինված ուժերը շարունակում են կատարել իրենց գործը, ինչպես կատարել են մինչ այսօր»,-ասաց նախարարը:
Նա ընդգծեց, որ զինադադարի ցանկացած խախտում՝ մեծ կամ փոքր, չի կարող որեւէ կերպ արդարացվել, քանի որ հրադադարի ռեժիմը սահմանված է միջազգային պարտավորություն հանդիսացող հրադադարի մասին համաձայնագրերով:
«ՀՀ զինված ուժերի խնդիրն է ապահովել դրանք, այն է՝ պատասխան գործողություններ տալ, ինչը մենք անում ենք»,-եզրափակեց Վիգեն Սարգսյանը: