Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը ով ներկայումս ազատազրկված է Բաքվում, հանդիպել է մորը` Բելլա Լապշինային:
Լապշինի մայրը այցելել է Բաքվում ազատազրկված որդուն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
Բելլա Լապշինան Բաքվում որդու հետ հանդիպումից բացի, պայմանագիր է կնքել Լապշինի նոր փաստաբանի հետ, ով ադրբեջանական դատարանում պետք է պաշտպանի նրա շահերը:
Փետրվարի 23-ին Լապշինին այցելել են նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները:
Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան:
Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:
Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում: