Փետրվարի 28-ին և լույս մարտի 1-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ լարված:
Հակառակորդը ‹‹Դ-44›› տիպի հրանոթից և ‹‹TR-107›› տիպի հրթիռահրետանային կայանքից շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը. ՊԲ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հատկապես հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումներ են արձանագրվել գիշերվա ընթացքում։
Հակառակորդը կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց: Հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ՝ բացի տարբեր տրամաչափի ականանետերից և «Դ-44» տիպի հրանոթից, ադրբեջանական զինուժը կրակ է վարել նաև «TR-107» տիպի հրթիռահրետանային կայանքից (5 արկ): Հիշեցնենք նաև, որ նույն ուղղությամբ երեկ կիրառվել է «SPIKE» տեսակի հակատանկային կառավարվող հրթիռ:
Հրադադարի խախտման արդյունքում հայկական կողմը կորուստներ չի կրել:
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը անհրաժեշտության դեպքում դիմել են պատասխան գործողությունների և վստահորեն իրականացրել իրենց առջև դրված մարտական խնդիրները:
Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հանգիստ է: