ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը եւ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ղեկավար Գեորգ Լինքը դատապարտել են ադրբեջանցի բլոգեր, Թղթակիցների ազատության եւ անվտանգության ինստիտուտի ղեկավար Մեհման Հուսեյնովի դատավճիռը եւ պաշտոնական Բաքվին կոչ արել նրան անհապաղ ազատ արձակել:
ԵԱՀԿ-ը Ադրբեջանի իշխանություններից պահանջում է ազատել բլոգեր Մեհման Հուսեյնովին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ես իշխանություններին կոչ եմ անում Հուսեյնովին ազատել, հույս ունեմ, որ այդ որոշումը կվերանայվի Վճռաբեկ դատարանում»,- contact.az-ի փոխանցմամբ՝ ասել է Միյատովիչը:
Նա հիշեցրել է իր նախկինում Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արել ապաքրեականացնել զրպարտությունը եւ կատարել իր ստանձնած երկարաժամկետ միջազգային պարտավորությունները, գրում է NEWS.am-ը:
Իր հերթին ԺՀՄԻԳ-ի ղեկավար Գեորգ Լինքը նշել է, որ անմարդկային վերաբերմունքի եւ խոշտանգումների վերաբերյալ ցանկացած բողոք պետք է անմիջապես քննվի: Այս իմաստով Հուսեյնովի դատավճիռը մտահոգություն է հարուցում, ասել է նա:
Հիշեցնենք, որ հայտնի բլոգեր Մեհման Հուսեյնովը մարտի 3-ին դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման Բաքվի Նասիմի շրջանի ոստիկանապետի՝ զրպարտության մասին հայցի հիման վրա: Հայցի պատճառը բլոգերի հայտարարությունն էր Նասիմի ոստիկանական բաժանմունքում իրեն խոշտանգելու մասին: Չնայած բլոգերի մարմնի վրա բռնության հետքերի առկայությանը, դատախազությունը հրաժարվել է խոշտանգման փաստով քրեական գործ հարուցել: