Մարտի 22-ին՝ Մեծ Պահքի միջինքի օրը, Ախալքալաքի «Սուրբ Խաչ» եկեղեցում տեղի կունենա արդեն ավանդական դարձած «Հայկական Գաթա» փառատոնը:
Ախալքալաքում տեղի կունենա «Հայկական Գաթա» փառատոնը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Փառատոնը կսկսվի հանդիսավոր ժամերգությամբ, ապա կօրհնվեն գաթաները, որից անմիջապես հետո համերգային ծրագրով հանդես կգա Արարատյան Հայրապետական Թեմի «Ծաղկազարդ» համախումբը: Այնուհետև եկեղեցու բակում կկատարվի գաթաների ցուցադրություն և համտես, փոխանցում է Panorama.am-ը:
Qahana.am-ը գրում է, որ, ըստ Մաղաքիա արք.Օրմանյանի, Միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Միջինք է Դ (չորրորդ) չորեքշաբթի կամ Մեծ պասի 24-րդ օրը: Միջինքից սկսած` Խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները` հավուր պատշաճի:
Այդ օրը, ժողովրդական ավանդության համաձայն, հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի այդ դրամը, այդ տարի հաջողություն կունենա: