«Եվրատեսիլ-2017» միջազգային մրցույթի հայաստանյան Fly with me երգը եվրատեսիլյան պաշտոնական յութուբյան ալիքում շուրջ 3 օրվա ընթացքում հատել է կես միլիոն դիտումների շեմը:
Հայաստանի Fly with me երգը 3 օրում դիտել է Youtube-ում «Եվրատեսիլ»-ի ալիքի ավելի քան կես միլիոն այցելու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Ոգեւորիչ է այն հանգամանքը, որ Արծվիկի թռիչքը հատել է ոչ միայն Հայաստանը, այլեւ ողջ Եվրոպան. երգը բուռն քննարկումների եւ վերլուծությունների առիթ է դարձել եւ հետաքրքրել ինչպես մեր հայրենակիցներին, այլեւ միջազգային հանրությանը: Երգի մեղեդային գիծը հիմնված է աշխարհի տարբեր էթնիկ երաժշտությունների առանձնահատկությունների վրա եւ ոգեշնչված է մրցույթի այս տարվա «Տոնենք բազմազանությունը» կարգախոսից: Երաժշտության հեղինակները Լիլիթ եւ Լեւոն Նավասարդյաններն են, խոսքերի հեղինակներ՝ Ավետ Բարսեղյան եւ Դավիթ Ծերունյան: Ի դեպ, Արծվիկը մեկնարկել է եվրատեսիլյան նոր challenge, որի շրջանակում հրավիրել է մրցույթի այս տարվա բոլոր մասնակիցներին տոնել բազմազանությունը՝ ցույց տալով, որ այն կարող է միավորել բոլորին: Արծվիկը կատարել է գերմանական ժողովրդական երգ եւ առաջին մարտահրավերը նետել Գերմանիայի ներկայացուցիչ Լեվինային: Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։ Լեվինայի պատասխանը շատ չի ուշացել, մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Fly with me տեսահոլովակը կարող եք դիտել այստեղ։ «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին Կիեւում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում: