Պոլսո հայոց պատրիարքական տեղապահ արք․ Բեքչյանի կոչին պատասխանել է թուրքական կառավարության կողմից փոխպատրիարք նշանակված արք․ Արամ Աթեշյանը։
Արք․ Աթեշյանը պնդել է, թե իր հրաժարականի պահը դեռ չի հասունացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, արք․ Աթեշյանը նշել է, թե Էջմիածնում Վեհափառի ներակյությամբ ձեռք բերված համաձայնությունը խախտել են մյուս կողմի հոգեւորականները, սակայն ինքը վիճակը չթեժացնելու համար կրկին չի դիմել Վեհափառին։
Արք․ Աթեշյանը շեշտել է, թե պատրիարքի աթոռի ոչ մեկի սեփականությունը կամ ժառանգությունը չէ, սակայն ինքը որպես փոխպատրիարք շարունակելու է պաշտոնավարել մինչ իրավիճակը հասունանա հրաժարականի համար։
Արք․ Աթեշյանը նորընտիր տեղապահ արք․ Բեքչյանի կոչ-նամակը պոպուլիստական քայլ է համարել՝ նշելով, թե այն ոչ մի օգուտ չի տա ստեղծված փակուղային իրավիճակում։
Նշենք, որ արք․ Գարեգին Բեքչյանը արք․ Աթեշյանին կոչ էր արել պահել Վեհափառի մոտ տված խոսքն ու տեղապահի ընտրությունից հետո հրաժարական տալ կառավարության կողմից նշանակված ու եկեղեցական կարգում գոյություն չունեցող պաշտոնից։
Ավելի վաղ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ միասին համաձայնություն էր կայացվել, որ Պոլսո հայոց պատրիարքական տեղապահի ընտրություն է տեղի ունենալու, որից հետո կառավարության կոմղից նշանակված փոխպատրիարք արք․ Աթեշյանը հրաժարական է տալու։ Սակայն ընտրության արդյունքում հաղթել է արք․ Բեքչյանը, որից հետո արք․ Աթեշյանը հրաժարական չի տալիս։ Նա նահանգապետարանից մի թուղթ է ներկայացրել, թե նահանգապետարանը օրինական չի համարում տեղապահի ընտրությունը։ Ըստ իրավաբանների, նահանգապետարանը իրավունք չունի միջամտելու ներեկեղեցական գործերին։