Այսօր Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան N 1 հիմնական դպրոցի դահլիճում տեղի է ունեցել ընթացիկ տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի արդյունքների ամփոփում, որին հաջորդել է մրցանակային տեղեր գրաված մասնակիցների խրախուսման արարողություն:
Ստեփանակերտում ամփոփվել են դպրոցականների առարկայական օլիմպիադայի արդյունքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության ԿԳ վարչության պետ Ռայա Մուսայելյանն ասել է, որ Արցախի դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցել է 421 աշակերտ, որից, նախորդ տարվա 72-ի համեմատ, եզրափակիչ փուլ են անցել 86-ը:
«Օլիմպիադայի արդյունքները գոհացուցիչ են. ակնհայտ է՝ տարեցտարի նկատվում է օլիմպիադայի մասնակիցների թվի աճ: Մենք ունենք խելացի ու բանիմաց աշակերտներ, որոնք, կարծում եմ, եզրափակիչ փուլում ևս գերազանց արդյունքների են հասնելու»,-նշել է Ռ. Մուսայելյանը և տեղեկացրել, որ օլիմպիադայի եզրափակիչ փուլը մեկնարկելու է վաղը՝ մարտի 24-ին:
Ռ. Մուսայելյանի խոսքով՝ մրցանակակիր ուսուցիչներն ու աշակերտներն ԱՀ ԿԳՍ նախարարության կողմից խրախուսվել են համապատասխան կարգի դիպլոմներով ու դրամական պարգևներով: