Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի «Եփրատի վահան» գործողության շրջանակներում Թուրքիան ունի ինչպես մեծ թվով մարդկային, այնպես էլ` տեխնիկական կորուստներ:
Գերմանիան հրաժարվել է Թուրքիային վաճառել վնասված ռազմատեխնիկան վերականգնելու համար անհրաժեշտ մասերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը: Թուրքիան «Եփրատի վահան» գործողության շրջանակներում վնասված 10 տանկերի վերականգնման համար Գերմանիայից ցանկացել է գնել անհրաժեշտ մասեր, սակայն Գերմանիան հրաժարվել է վաճառել: Գերմանիան վերջին հինգ ամսվա ընթացքում 11 անգամ մերժել է Թուրքիա զենք արտահանելու թուրքական կողմի պահանջը: Süddeutschen Zeitung պարբերականը գրել էր, որ գերմանական կողմը զենք չի տրամադրել թուրքական կողմին` մտավախություն ունենալով, որ դրանք որպես ճնշման միջոց կօգտագործվեն Թուրքիայի ներսում: Պաշտոնական Բեռլինի վերջնական որոշման վրա մեծ ազդեցություն են ունեցել նաև Թուրքիայում մարդու իրավունքների վիճակի մասին տվյալները: Ձախերի կուսակցության պատգամավոր Յան վան Ակենը Թուրքիային զենք չտալը որակել էր որպես կարևոր քայլ: Նա նշել էր, որ որպես հետագա քայլ պետք է դիտարկվի Թուրքիային առհասարակ զենքի վաճառքի դադարեցումը: