Ուզու՞մ ես խաղաղություն, ապա ամրացրու առաջնագիծդ և հզորացրու բանակդ...
Հաշտության մեկնված անզեն ձեռքը կկտրվի յաթաղանով. Արցախի վարչապետի մամուլի խոսնակը պատասխանում է Լևոն Տեր-Պետրոսյանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը՝ արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ օրերս ՀՀ հանրային հեռուստատեսությանը տված աղմկահարույց հարցազրույցին:
«Ուզու՞մ ես հաշտություն ու բարիդրացիություն, մի՛ մոռացիր, որ դրա համար երկրորդ կողմի ցանկությունն էլ է պետք, թե չէ հաշտության մեկնված անզեն ձեռքը կկտրվի յաթաղանով, իսկ բարիդրացիության երազդ կվերածվի մղձավանջի...
Ակնհայտ ռազմատենչ ու ֆաշիստական հակառակորդի առկայությամբ ես ակնկալում էի նախընտրական քարոզարշավում տեսնել իրական դիսկուրս, թե ինչպես կարելի է ամրացնել մեր սահմանների անվտանգության համակարգը՝ զիջողականության անհեռատես ու աներաշխիք դիսկուրսի փոխարեն:
Բանակցային արվեստի ոսկե կանոններից է, որ եթե դիմացինդ կոշտացնում է իր դիրքորոշումը, ապա դու չես կարող ավելի մեղմացնել քոնը, այլապես դատապարտված ես ոչ թե հաշտության կամ նույնիսկ փակուղու, այլ՝ պարտության:
Ես շատերից ավելի շատ պատճառներ ունեմ խաղաղություն փափագելու, այդ պատճառով կուզեի այն երաշխավորել ամենաիրատեսական ճանապարհով՝ հայրենիքն անխոցելի վահան դարձնելով, որը առաջնահերթորեն մեր ձեռքերում է, ոչ թե այն ապահովելու գործիքները տալ ուրիշներին»,- գրել է Ա. Բեգլարյանը:
Արցախի վարչապետի մամուլի խոսնակը հետգրությամբ նաև նշել է, որ հայոց հայրենիքի զարգացվածության ոչ ցանկալի մակարդակի պատճառը պետք չէ փնտրել հակամարտության մեջ, Իսրայելի յոթանասունամյա հակամարտությունն ու զարգացումը՝ վառ օրինակ: Իսկ միջազգային երաշխիքների ամրությունը պատկերացնելու համար արժե հիշել բազմաթիվ օրինակներ, այդ թվում՝ ուկրաինականը: