Սկսվում է Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցումը: 6 տարի է, որ թատրոնը վթարային լինելու պատճառով չի օգտագործում իր բեմը ներկայացումների համար:
Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցումը սկսվում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: jnews.ge կայքը գրում է, որ Վրաստանի կառավարությունը գումար է հատկացրել բարելավելու համար որոշ թատրոնների շենքային պայմանները: Հայկական թատրոնը առաջինն էր այդ ցուցակում:
Նախագծի համաձայն, վերակառուցման առաջին փուլում կլինի շենքի ամրացում և արտաքին պատերի հավասարեցում: Սա ամենակարևոր քայլն է, որ կվերացնի շենքի վթարային վիճակը և հնարավորություն կտա ցուցադրել ներկայացումներ: Երկրորդ փուլը դահլիճի վերականգնումն է և լուսավորման թարմացումը:
«Արդեն փոխանցվել է 65 000 լարի և շուտով պատրաստ կլինի նախագիծը», – Panorama.am-ի փոխանցմամբ՝ հայտարարել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը:
Արդեն վեցերորդ տարին է, ինչ թատրոնի շենքը պաշտոնապես համարվում է վթարային, այստեղ արգելվում է ցուցադրել ներկայացումներ: Բայց սա չի խանգարել թատրոնի գործունեությանը: Մեկ տարվա ընթացքում ներկայացվել է 4-5 նոր բեմադրություն: Նրանք ներկայացվել են տարբեր վայրերում, Թբիլիսիի պետական թատրոններիի բեմերին, կամ Հայաստանում՝ շրջագայությունների ժամանակ:
Վերանորոգման աշխատանքների ընթացքում թատրոնի անձնակազմը փորձեր կատարելու հնարավորություն չի ունենա: Այդ իսկ պատճառով անձնակազմը պատրաստվում է դիմել Վրաստանի մշակույթի նախարարություն, որպեսզի տրամադրվի դահլիճ և հույս ունի աջակցության:
Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնն այս տարի դարձավ 160 տարեկան: Միջոցառումները նվիրված թատրոնի տարեդարձին հետաձգվել են 1 տարով: Սա միակ հայկական պետական թատրոնն է, որը գործում է Հայաստանի սահմաններից դուրս: