Ռումինիայի Բրաիլա քաղաքում կայացած Մ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հայ բռնցքամարտիկները երկու բրոնզե մեդալ են նվաճել:
Մ22 Եվրոպայի առաջնություն. Բռնցքամարտի հավաքականի մարզիչը դժգոհ է մրցավարությունից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պատվո հարթակ են բարձրացել Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) եւ Նարեկ Մանասյանը (91 կգ): Մեր հավաքականը ներկայացնում էր 7 բռնցքամարտիկ:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը մեկնաբանել է մայրցամաքի առաջնության արդյունքները.
«Գնահատական պետք է դուք` լրագրողներդ տաք: Իմ կողմից կասեմ, որ արդյունքներն ինձ համար մոտ էին բավարար լինելուն: Չնայած կարող էր ավելի լավ լինել»:
-Նկատի ունեք մեդալների քանա՞կը, թե՞` հարգը:
-Երկրորդը: Կիսաեզրափակիչ մտած մեր երկու մասնակիցները կարող էին չեմպիոն դառնալ: Դա հատկապես Նարեկ Մանասյանին է վերաբերում: Նա կիսաեզրափակչում ուղղակի ջախջախեց ֆրանսիացի բռնցքամարտիկին, բայց մրցավարներն անհասկանալի պատճառներով Նարեկին հաղթանակ չտվեցին (2:3): Հատկապես զարմացնում է վրացի մրցավարի` ոչ մեր օգտին կայացրած որոշումը: Նրա ձայնը վճռորոշ դարձավ: Իսկ եզրափակչում ֆրասիացի բռնցքամարտիկը խորվաթին շանսեր չթողեց: Այնպես որ, որոշեք ինքներդ:
-Արթուր Հովհաննիսյանին և՞ս մրցավարները «կանգնեցրին»:
-Արթուրը կիսաեզրափակչում 2:3 հաշվով զիջեց անգլիացուն: Այստեղ ոչ այնքան ակնհայտ, բայց մրցավարները նորից օբյեկտիվ չէին: Հովհաննիսյանն իմ կարծիքով չեմպիոնության մեծ հնարավորություններ ուներ:
-Ի՞նչ կասեք մնացած բռնցքամարտիկների մասին:
- Հրայր Շահվերդյանի մրցակցությունը 60 կգ քաշային կարգում եւս վիճելի էր: Որոշ քաշերի մասնակցությունից դժգոհ եմ: Իհարկե, ես նրանց հետ աշխատելու քիչ ժամանակ ունեի , բայց առանձին բռնցքամարտիկների մրցելույթները հարցեր են առաջացնում: Հստակ պատկերացնում եմ առաջիկայի անելիքներս: Կշարունակենք աշխատել ու առաջ շարժվել: