Երգչուհի Սիրուշոյի և հանրահայտ PicsArt հավելվածի համագործակցության արդյունքում նոր հավելված է ստեղծվել։
Սիրուշոյի և PicsArt-ի համագործակցությամբ նոր հավելված է ստեղծվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին «Սիրուշո փրոդաքշըն»-ից, Սիրուշոն եւ PicsArt-ը` հայ արտիստն ու հայկական «արմատ»-ներ ունեցող բջջային հավելվածը, այժմ համախմբվել են՝ ստեղծելով Սիրուշոյի անվանական փաթեթներ` ոգեշնչված Սիրուշոյի ամենահիշվող կերպարներից և հայկական նախշերից:
Հավելվածում, որն անվճար հասանելի է iOS, Android եւ Windows հարթակներում, այժմ արդեն հասանելի են «Sirusho Style» ստիկերների և «Armat Frames» շրջանակների փաթեթները: Այսպիսով, PicsArt հավելվածի միլիոնավոր օգտատերերը արդեն կարող են հեշտությամբ ներբեռնել հայկական տարազի մասնիկներն ու նախշերը աշխարհի տարբեր ծայրերում` իրենց նկարներին հաղորդելով Սիրուշոյի ինքնատիպ ոճն ու հայկական ոգին:
PicsArt-ը ֆոտոխմբագրման, կոլաժների պատրաստման, նկարելու համար հավելված ու սոցիալական ցանց է, որն արդեն ունի 400 միլիոն ներբեռնում եւ ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր։ Նախկինում PicsArt-ը համագործակցել է նաև Նատալյա Վոդյանովայի, Հիլարի Դաֆֆի, Dior, L’oreal եւ այլ աշխարհահռչակ անունների և ապրանքանիշների հետ։
Այս նախագիծը PicsArt-ի առաջին համագործակցությունն է հայաստանյան աստղի հետ` աշխարհին ներկայացնելով հայկական երկու փաթեթ։