Հադրութի շրջանի Տումի համայնքն այս տարվա նոյեմբերին կունենա նոր համայնքային կենտրոն, որը կառուցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ:
Տումին շուտով նոր համայնքային կենտրոն կունենա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Տումիի համայնքի ղեկավար Էդիկ Մոսիյանը և հավելել, որ այն երկհարկանի բազմաֆունկցիոնալ շինություն է, որն իր մեջ ներառելու է գյուղապետարան, հանդիսությունների դահլիճ, գրադարան, համակարգչային սենյակ և բուժկետ:
«Վերջերս պետական ֆինանսավորմամբ շահագործման է հանձնվել ավելի քան 30 երեխանների համար նախատեսված մանկապարտեզի նորակառույց շենքը՝ հագեցած բոլոր հարմարություններով ու պայմաններով: Այն կահավորված է, ունի ննջասենյակ, խոհանոց, ճաշարան, փակ և բացօթյա խաղահրապարակներ, բարեկարգ ասֆալտապատ բակ ու կաթսայատուն»,- հավելել է համայնքի ղեկավարը:
Ընթացքի մեջ են նաև գյուղի խմելու ջրի համակարգի վերակառուցման աշխատանքները: Համայնքապետի տեղեկացմամբ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով 12 կմ երկարությամբ գյուղի ջրագիծն ամբողջովին փոխվել է, և կառավարության աջակցությամբ առաջիկայում կկառուցվի ներքին ջրամատակարարման ցանցը: Է. Մոսիյանի խոսքով, գյուղի դպրոցն ունի 115 աշակերտ և վերջին տարիներին ցուցանիշն անընդհատ աճում է: Անդրադառնալով զբաղվածության խնդրին՝ Տումիի համայնքի ղեկավարը նշեց, որ գյուղացիները հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ: «Հիմնականում մշակում են աշնանացան մշակաբույսեր. անասնապահությամբ զբաղվողներն այնքան էլ շատ չեն»,- մանրամասնել է Է. Մոսիյանը: