Իրանի ժառանգությունն էլ ավելի հարուստ է դառնում հնագույն քրիստոնեական տաճարներով։ Treccani պարբերականում այս մասին գրել է լրագրող Սիմոնե Ձոպելարոն։
Իտալական պարբերական. Իրանի ժառանգությունն ավելի հարուստ է դառնում հնագույն քրիստոնեական տաճարներով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ավելի կոնկրետ նա անդրադարձել է Իրանում գտնվող Սուրբ Թադե հայկական վանքին։
Շատերի համար Իրանն ու իսլամն անքակտելիորեն կապված են, հատկապես՝ Իսլամական հեափոխությունից հետո։ Երկրի անցյալում ու ներկայում շատ կարեւոր են մուսուլմանական պատմությունն ու հոգեւոր արժեքները։ Բայց Իրանում առկա է նաեւ այլ ժառանգություն։
Հայկական Սուրբ Թադեի վանքը գտնվում է Իրանի հյուսիս-արեւմուտքում։ Իրանցիներն այն անվանում են Ղարա Քելիսա՝ «Սեւ եկեղեցի»։ Պատճառը քարի գույնն է, որից այն կառուցված է։ Երկրում դա ամենահայտնի քրիստոնեական տաճարն է։ Համարվում է, որ վանքը հիմնադրվել է սուրբ Թադեի գերեզմանի վրա, ով Բարդուղիմեոս առաքյալի հետ միասին Հայաստան է բերել քրիստոնեությունը։
Ասվում է, որ վանքը հիմնադրվել է I դարում՝ առաքյալի տանջամահ լինելուց հետո, սակայն ըստ պատմիչների՝ վանքը կառուցվել է VII դարում։ Տաճարը զարմացնում է ճարտարապետական ազդեցությունների հարստությամբ, որոնք ներդաշնակ միաձուլված են այնտեղ՝ բյուզանդական, հայկական, պարսկական։
2008-ին Սուրբ Թադեի վանքը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում՝ Իրանի հյուսիսում գտնվող երկու այլ քրիստոնեական վանքերի հետ միասին՝ Սուրբ Ստեփանոսի տաճարի ու Ձորձորի մատուռի։