Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը մարտի 27-ին հանդիպել է Սեյմասի (խորհրդարան) փոխնախագահ, խորհրդարանում եվրոպական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, նախկին վարչապետ Գեդիմինաս Կիրկիլասի հետ։
Դեսպան Մկրտչյանը Լիտվայի Սեյմասի փոխնախագահին է ներկայացրել ԼՂ հարցում Ադրբեջանի ապակառուցողական քայլերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով.«Դեսպան Մկրտչյանը շնորհավորեց Գեդիմինաս Կիրկիլասին պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան նորանոր հաջողություններ։ Ապա փոխխոսնակի խնդրանքով ներկայացրեց Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր։ Կողմերն ընդգծեցին տնտեսական և քաղաքական հարաբերությունների առավել խորացմանը միտված երկկողմ հետաքրքվածության մասին։ Դեսպան Մկրտչյանը նշեց, որ առաջիկայում ակնկալվում է Հայաստան-Լիտվա միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը: Գեդիմինաս Կիրկիլասը իր հերթին բարձր գնահատեց Հայաստանի և ԵՄ միջև շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը։ Սեյմասի փոխխոսնակը նաև ընդգծեց, որ բարձր տեխնոլոգիաների բնագավառում Հայաստանը և Լիտվան փոխադարձ հետաքրքրություն կարող են ներկայացնել։ Դեսպանը նաև ներկայացրեց Ադրբեջանի կողմից խորհրդարանական մակարդակով տարվող ապակառուցողական քայլերի մասին՝ ընդգծելով, որ նման գործելաոճը որևէ հեռանկար չունի և վնաս է հասցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների միջնորդական առաքելությանը՝ ուղղված ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը»։