Կգա այն օրը, երբ Իսրայելը մի կողմ կդնի քազաքականությունն ու կճանաչի Հայոց ցեղասպանությունը։
Կգա այն օրը, երբ Իսրայելը մի կողմ կդնի քազաքականությունն ու կճանաչի Ցեղասպանությունը. իսրայելահայ երաժիշտ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am–ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իսրայելահայ շեփորահար Արմեն Ասլանյանը, որն այս օրերին Հայաստանում է՝ մասնակցելու Համահայկական սիմֆոնիկ նվագախմբի համերգին։
«Իսրայելը պետականորեն չի ճանաչել, չնայած կան հրեաներ, որոնք բավականին մեծ ու խիզախ քայլեր են կատարում, որ Իսրայելը պետական մակարդակով ճանաչի Ցեղասպանությունը։ Կարծում եմ, որ այդ օրը կգա, որ Իսրայելը մի կողմ կդնի քաղաքականությունն ու կընդունի այս փաստը, որովհետեւ մեծ հրեական եւ հայկական լոբբի կա ԱՄՆ–ում, եւ ես գիտեմ, որ ԱՄՆ–ում բնակվող հրեաներն ընդունում են Ցեղասպանությունը։ Ինչ վերաբերում է Իսրայելի Կառավարությանը, նրանք, ներկա դրությամբ իրենց շահերից ել;նելով, չեն շտապում ճանաչել, բայց կա մի փաստ, որից խուսափելն անհնար է»,– ասաց նա։
Արմեն Ասլանյանի կարծիքով, Ցեղասպանության ճանաչման հարցում երաժիշտները կարող են ավելի մեծ հաջողությունների հասնել, քան քաղաքական գործիչները, քանի որ վերջիններս դժվարությունների են հանդիպում, որովհետեւ ամեն երկիր իր շահն ունի։
«Կան երկրներ, որոնք իրենց շահերից ելնելով՝ չեն կարողանում ճանաչել Ցեղասպանությունը, չնայած հենց նույն այդ երկրների ժողովուրդները ճանաչում են եւ շատ հաճախ զարմանում են՝ իմանալով, որ իրենց պետությունը չի ընդունել այդ փաստը»,– նշեց նա։
Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 5-ին սպասվում էր, որ Իսրայելի Կնեսետը քվեարկության կդնի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հարցը: Սակայն Կնեսետը որոշեց հարցը կրկին ուղարկել հատուկ հանձնաժողովի քննարկման: