ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Վուսթեր քաղաքում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցել է նաև 2 թուրք՝ Բուրչին Գերչեքը, որը մասնագիտությամբ լրագրող է ու զբաղվում է Հոլոքոստի ու ցեղասպանությունների ուսումնասիրությամբ և Էմրե Ջան Դաղլիօղլուն, որը նույնպես զբաղվում է ցեղասպանությունների ուսումնասիրությամբ:
ԱՄՆ Վուսթեր քաղաքում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը մասնակցել են նաև թուրքեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին փոխանցում է Telegram.com-ը:
«Մեր պարտքն է առերեսվել անցյալին: Իհարկե, սպանված մարդկանց համար այլևս չի կարող արդարություն լինել: Այժմ չափազանց ուշ է դրա համար: Այնուամենայանիվ, ճանաչումը, պաշտոնապես հնչեցված ներողությունն ու հայկական մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված որոշակի քայլեր կարող են Թուրքիայում դրական փոփոխությունների բերել»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ նշել է Գերչեքը՝ 1.5 մլն հայերի հիշատակի ոգեկոչման արարողության ելույթում:
Ստամբուլում ծնված ու մեծացած Գերչեքի խոսքով՝ Հայոց ցեղասպանության թեման արգելված էր քննարկման համար: Նա այդ մասին իմացել է միայն Ֆրանսիայում աշխատելու և պատմություն ուսումնասիրելու ժամանակ:
«Ես շոկի մատնվեցի, երբ իմացա տարիներ շարունակ կառավարության, լրատվամիջոցների ու դպրոցների կողմից մեզ հրամցվող մեծ ստի մասին»,-նշել է լրագրողը:
Արարողության մյուս թուրք մասնակից Էմրե Ջան Դաղլիօղլուն, ընգծել է, որ իրենք պարտավոր են ներողություն խնդրել ոչ միայն Օսմանյան կայսրությունում կատարվածի, այլև 19-րդ դարի վերջում հայերի դեմ ուղղված գործողությունների համար:
«Որպես Թուրքիայի քաղաքացի ես այդ ժխտման մի մասն եմ ու, ի տարբերություն սպանված ու արտաքսված հայերի և հույների, շարունակում եմ ապրել Թուրքիայում: Կարծում եմ, որ ես պետք է ներողություն խնդրեմ»,-նշել է նա: