Ի տարբերություն մնացած օրերի` այսօրվա ընթացքում սահմանում կրակոցների քանակը մի քիչ ավելի է եղել:
Մեր բանակն այսօր ավելի սպառազինված է, մեր առաջին գիծն ավելի ամուր է. Մովսես Հակոբյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ զինված ուժերի շտաբի պետ Մովսես Հակոբյանը, հաղորդում է Aysor.am-ը:
Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի նշանակմանն ու, թե ինչ ակնկալիքներ ունի նրա նշանակումից՝ Մովսես Հակոբյանը նշեց .«ՀԱՊԿ-ի անդամ երկրների ստորագրած պայմանագիրը հստակ որոշում է ու մեր երկրի ներկայացուցչին այդ պաշտոնին նշանակելը ընդամենը գործառույթների իրականացումն է, եւ այնտեղի նշանակված որեւէ մի անձ չի կարող փոփոխություն մտցնել ՀԱՊԿ-ի ծրագրերի մեջ»։
Դիտարկմանը՝ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ բանակի գումարները չեն ծառայել իրենց նպատակին, փոխարենը հարստացել են գեներալները, այժմ ի՞նչ փոփոխություններ են արվել բանակում՝ նախորդ տարվա ապրիլյան պատերազմից հետո, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Ձեր գնահատականը չեմ կիսում, դա ձեր գնահատականն է: Զինված ուժերի գնահատականը տալիս է գերագույն գլխավոր հրամանատարը եւ ինքն իր գնահատականը տվել է: Ես տվյալ հարցերով չեմ զբաղվում եւ հաշվառում չեմ իրականացնում՝ ով ինչքան է հարստացել եւ որտեղից, այդպիսի հարցերով չեմ զբաղվում։ Ինձ ավելի կարեւոր հարցեր են հետաքրքրում, ես նայում եմ առաջին գծին եւ զորքին»:
Նա ընդգծեց, որ պատերազմից հետո շատ բան է փոխվել։
«Մեր բանակն այսօր ավելի սպառազինված է, մեր առաջին գիծն ավելի ամուր է, մեր զինվորն ավելի պաշտպանված է», - վստահեցրեց ՀՀ ԶՈՒ շտաբի պետը։