Ցեղասպանությունից հետո հայ քաղաքական ուժերը, հանրությունը երկար պայքար են մղել, որպեսզի Հայոց Ցեղասպանությունը միջազգային տեսանկյունից ճանաչվի, և պետք է ասեմ, որ որոշակի հաջողություններ ենք արձանագրել:
1991 թվականից հետո փոխվել է Ցեղասպանության պայքարի բովանդակությունը. ԱՀ Խորհրդարանի փոխոսնակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Ազգային Ժողովի փոխոսնակ Վահրամ Բալայանը և նշել, որ Ցեղասպանությունը ճանաչվել է տասնյակ երկրների կողմից՝ որպես համաշխարհային հանրության նկատմամբ կատարած հանցագործություն:
«Մենք դրանով չպետք է բավարարվենք, այդ պայքարը պետք է շարունակվի: Ի դեպ, նկատենք, որ 1991 թվականից առ այսօր այս պայքարի բովանդակությունն է փոխվել: Խոսքն այն մասին է, որ մենք ունենք Արցախի և Հայաստանի հանրապետություններ և պետական մակարդակով ենք այս ամենը փորձում ճանաչելի դարձնել համաշխարհային հանրությանը: Մի բան է, երբ Սփյուռքում ապրող հայությունն է պահանջ ներկայացնում, մեկ այլ բան է, երբ ազգի պահանջը ներկայացնում է պետությունը: Սա արդեն նոր որակ է, և կարծում եմ՝ այսպես թե այնպես, միջազգային հանրությունը ժամանակի ընթացքում կընդունի եղելությունը, որին էլ համապատասխան գնահատականներ կտրվեն»,-ասել է Վ. Բալայանը: