այոց ցեղասպանության 102-րդ տարելիցի օրը Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում բողոքի մեծ ցույց է իրականացվել Թուրքիայի դեսպանատան դիմաց:
Արգենտինայի փոխնախագահը մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Prensa Armenia-ն: «Ավելի քան 100 տարի անց թուրքական պետությունը շարունակում է մնալ անպատիժ` որպես պետական քաղաքականություն կիրառելով ժխտողականության ծրագիրը: Ի տարբերություն Թուրքիայի և Ադրբեջանի` Արգենտինան աշխարհում մարդու իրավունքների համար պայքարի առաջամարտիկներից է»,- ասվել է հայ համայնքի երիտասարդական կազմակերպությունների հայտարարության մեջ: «Մեր ուղերձն ընդդեմ այս դեսպանության է, որը ներկայացնում է ցեղասպան ու ժխտող պետությանը, որը չի փոխվել և շարունակում է սրել իր դիրքորոշումը որպես անհանդուրժող և ավտորիտար պետություն»,- ասել է Թուրքիայի դեսպանատան դիմաց կազմակերպված քայլերթի կազմակերպիչներից մեկը` Հարավային Ամերիկայի հայկական երիտասարդական ֆեդերացիայի նախագահ Գարո Սեֆերյանը: Նախքան երթը պատարագ է մատուցվել Սուրբ Գրիգոր Լուսավորչի տաճարում, որին մասնակցել է Արգենտինայի փոխնախագահ Գաբրիելա Միչետտին: «Հայոց ցեղասպանությունն այսօր հիշելը օգնում է մեզ թույլ չտալ, որպեսզի նման կոտորածներ կրկին պատահեն: Երբ խոսում ենք ցեղասպանության մասին, մենք գործ ունենք մարդկության դեմ հարձակման հետ»,- նշել է Միչետտին, ով այնուհետև կարդացել է Վիլյամ Սարոյանի պոեմներից մեկը: Նա հիշեցրել է, որ Արգենտինան օրենքի ուժով ճանաչել է ցեղասպանությունը 2007 թվականին: Կորդովայում կայացած միջոցառմանը ևս ներկա են եղել պատգամավորներ, ովքեր ցանկություն են հայտնել, որ հայ ժողովուրդը գտնի արդարությամբ հաստատված խաղաղությունը: Հիշատակի արարողություն է տեղի ունեցել նաև Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում: «Ցեղասպանությունը շատ ցավալի էր, և դա շարունակում է մեզ ցավ պատճառել նաև այսօր»,- նշել է պատգամավոր Ալբերտո Ասսեֆֆը: