Ընթացիկ տարում կատարված գարնանացանի աշխատանքներն այս պահի դրությամբ ավելի քան երեք անգամ գերազանցում են նախորդ տարվա ողջ ընթացքում կատարված աշխատանքներին:
Գարնանացանի ծավալներն արդեն երեք անգամ գերազանցում են նախորդ տարվան. պատասխանատու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանություն բաժնի պետ Վիլեն Ավետիսյանը և նշել, որ գարնանացան աշխատանքները դեռևս ակտիվ ընթացքի մեջ են, և այս պահի դրությամբ արդեն կատարվել է մոտ 11 հազար հա ցանքս՝ նախորդ տարվա 3460 հա-ի դիմաց:
Վ. Ավետիսյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ, կատարվել և ընթացքի մեջ է ցորենի, գարու, հաճարի, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի, հլածուկի, սոյայի, կտավատի, սիսեռի, ոլոռի, լոբու, սորգոյի, կարտոֆիլի և այլ գարնանացան մշակաբույսերի ցանքս, որոնց բացարձակ մասը իրականացվել է պետական աջակցության շնորհիվ:
«Գարնանացան մշակաբույսերի ցանքսի աջակցման ծրագրին զուգահեռ՝ խթանում ենք նաև ցանքաշրջանառությունը, քանի որ այն նպաստում է երաշխավորված բերքի ստացմանը: Մեր նպատակն է որակապես փոխել Արցախում հողի մշակման ագրոկուլտուրան, և դրա համար պետական շատ լուրջ միջոցներ են ուղղվում»,- ասել է գյուղնախարարության պաշտոնյան: