Ապրիլյան գործողություններից հետո մենք վերլուծել ենք տեղի ունեցածը, և համարժեք հետևություններ ենք արել:
Նոր միջոցներն ավելի կբարձրացնեն բանակի մարտական հնարավորությունները. նախարարը փակագծեր է բացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
«Այս ժամանակահատվածում հսկայածավալ աշխատանքներ ենք կատարել՝ առաջնագծի կահավորման, ինժեներա-ամրաշինական, ինչպես նաև պաշտպանության բանակում ներդրվել են նորագույն տեխնոլոգիաներ: Փորձարկել ենք նոր միջոցներ, որոնք կընդգրկենք ՊԲ-ում՝ դրանով էլ ավելի բարձրացնելով բանակի մարտական հնարավորությունները:Կարող ենք փաստել, որ երբևիցե պաշտպանության բանակն այնքան հզոր չի եղել, ինչպես այսօր, և ամեն օր շարունակում ենք զարգացնել այդ հաջողությունները»,- ասել է Լ. Մնացականյանը և ավելացրել, որ պաշտպանության բանակն այսուհետ ևս պատրաստ է պատվով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը և հակառակորդի՝ արցախյան հիմնահարցը ուժի դիրքերից լուծելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման: