Մայիսի 11-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը:
Խորհրդարանը նոր գործընթաց է սկսում. տեղի է ունեցել ԱԺ լիագումար նիստը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայությունից: Բացելով նիստը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է ներկաներին, հայ ժողովրդին ու նրա բարեկամներին՝ մայիսյան եռատոնի կապակցությամբ:
Այնուհետև խորհրդարանի նախագահը նշել է, որ ԱԺ-ն սկսում է մի նոր գործընթաց, որը սահմանադրական պահանջ է և ուղղված է գործող օրենսդրությունն այս տարվա փետրվարի 20-ի հանրաքվեով ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանեցնելուն:
Անցնելով օրենսդրական աշխատանքին՝ խորհրդարանը քննարկել և առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքը: Նախագծի համահեղինակների հիմնավորմամբ՝ օրինագծով Ազգային ժողովի գործունեության կարգը համապատասխանեցվել է նոր Սահմանադրությամբ խորհրդարանին վերապահված գործառույթներին ու լիազորություններին: Ըստ այդմ, փոխվել է կանոնակարգի կառուցվածքը, համապատասխանաբար գլուխները միավորվել են ինը բաժիններում:
Քննարկումից հետո համահեղինակները, սահմանված կարգով, պատգամավորներին առաջարկել են 14-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ և ցանկության դեպքում, միանալ համահեղինակներին ու մասնակցել նախագծի հետագա լրամշակման աշխատանքներին:
Նիստի երկրորդ հատվածում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վերահսկիչ պալատի 2016թ. գործունեության տարեկան հաշվետվությամբ հանդես է եկել Վերահսկիչ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանը: