«Մրցունակություն» համաժողովում Լիտվայի առևտրային միտումների ու հեռանկարների մասին իր շնորհանդեսում Լիտվայի արդյունաբերողների համադաշնության և Նորարարական կենտրոնի տնտեսական վերլուծաբան Ալեքսանդր Իզգորոդինը նշել է՝ Հայաստանն ԱՊՀ միակ երկիրն է, որը լիտվացի գործարարների աճող հետաքրքրության առանցքում է:
Լիտվացի տնտեսագետները Հայաստանը դիտարկում են որպես ԵԱՏՄ շուկա մտնելու լավագույն հարթակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:
Լիտվացի գործարարները Հայաստանը դիտարկում են դեպի ԵԱՏՄ շուկա մուտք գործելու լավագույն հարթակ: «Առևտրի զարգացման և ներդրումների ներգրավման համար նոր միջանցք է բացվում Բալթյան երկրներից դեպի Հայաստան, որը կամուրջ է հանդիսանում ԱՊՀ և արաբական վեց երկրների խոշոր շուկաների միջև։ Չնայած աշխարհագրական հեռավորությանը, Հայաստանն ու Լիտվան շատ ընդհանրություններ ունեն․փոքր տնտեսություն, մարդկային կապիտալի շեշտադրում, բնական պաշարների բացակայություն և երկրների նմանատիպ դիրքավորում»,- նշել է Ալեքսանդր Իզգորոդինը։
Համաձայն Բալթյան երկրներում Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Ռենա Սարիբեկյանի, Լիտվա-Հայաստան առևտրատնտեսական կապերը բիզնեսի տարբեր ոլորտներում կայուն զարգանում են 2014-ից։ «Այսօր լիտվական տեքստիլ ոլորտը աութսորսինգային ծառայություններ է փնտրում և համարում է, որ Հայաստանը ոլորտում իր առաջընթացով կարող է համապատասխանել այդ ակնկալիքներին ու դառնալ տարածաշրջանային հանգույց»,-նկատել է Ռենա Սարիբեկյանը։ Լիտվացի գործարարները հետաքրքրված են նաև ՏՏ, նորարարության, վերականգնվող էներգետիկայի, սննդի վերամշակման ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմամբ:
Ի դեպ, այս տարվա աշնանը նախատեսված է դեղագործության, սննդի արդյունաբերության ոլորտների դիստրիբյուտորների, ՏՏ, տեքստիլի, գիտության և տեխնոլոգիաների ոլորտների պոտենցիալ ներդրողների գործարար այց՝ Հայաստան։