Անցած տարի Արցախ է այցելել շուրջ 14 հազար զբոսաշրջիկ. ամենաշատ այցելուներ ունեցել ենք Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից, Իրանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լիբանանից, Լեհաստանից և Ուկրաինայից:
Զբոսաշրջիկների հոսքը դեպի Արցախ կրկին աճում է. ոլորտի նոր առաջարկների մասին պատմել է փոխնախարարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը և նշել, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ 10 տոկոս աճ ենք ունեցել:
Շահվերդյանի հավաստմամբ՝ աշխատանքներ են տարվում, որպեսզի դեպի Արցախ մեծանա զբոսաշրջիկների հոսքը, և այս ուղղությամբ մտածում են նոր՝ ավելի հետաքրքիր առաջարկների մասին:
Մասնավորապես, նոր առաջարկների թվում, ըստ Շահվերդյանի, կարող է լինել Արցախի Դաշուշեն գյուղի մոտ վերջերս կանգնեցված լուսաշող մետաղյա 50 մետրանոց խաչը, որն իր մեծությամբ ու չափսերով աշխարհում երկրորդն է: «Մենք ունենք 2 հիմնական զբոսաշրջային երթուղի՝ հարավային, որը սկսվում է Ստեփանակերտից, անցնում երկհազարամյա Տնջրե ծառի մոտով, Ամարասով, Տողի մելիքական ապարանքով և հասնում մինչև Արաքսի հովիտ:
Այս տարի այս երթուղում ավելացրեցինք նաև Տյաք գյուղի պատմամշակութային արգելոցը, որը շատ կարևոր է, որովհետև այնտեղ պահպանվում է միջնադարյան ամբողջական կառույց: Երկրորդը՝ հյուսիսային զբոսաշրջային երթուղին է, որն անցնում է Տիգրանակերտ, Նիկոլ Դումանի տուն-թանգարան, Գանձասար, Թարթար գետի հովիտ, Դադիվանք, Կուսանոց անապատ վանք և հասնում մինչև Սևանի ավազան»,- ասել է էկոնոմիկայի նախարարի տեղակալը:
Ս. Շահվերդյանի խոսքով՝ Արցախում զբոսաշրջիկները հյուրանոցի և գիշերակացի խնդիրներ չունեն, քանի որ 44 հյուրանոցային տնտեսության օբյեկտները բավարարում են:
«Մենք հորդորում ենք ներդրողներին, որ Ստեփանակերտում, շրջաններում և, հատկապես, գյուղական բնագավառում կառուցեն նոր հյուրանոցային տնտեսություններ, քանի որ տարեցտարի մենք ակնկալում ենք զբոսաշրջիկների զգալի աճ»,- ասել է Ս. Շահվերդյանը:
Վերջում մեր զրուցակիցն անդրադարձավ նաև ոլորտի տնտեսական նշանակության մասին՝ նշելով, որ ներկայումս զբոսաշրջությունից ստացվող եկամուտը կազմում է Արցախի տնտեսության համախառն արտադրանքի 3% -ը, ինչը աճելու մեծ ներուժ ունի: