Իրանի Իսլամական Հանրապետության ջիհադի գյուղատնտեսության նախարար Մահմուդ Հոջջաթին Հայաստանի ձկնաբուծության ոլորտում հետաքրքիր ծրագրերի իրականացման հեռանկարներ է տեսնում:
Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում ձկնաբուծության ոլորտի ծրագրեր իրականացնել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսության ջիհադի նախարար Մահմուդ Հոջջաթին նշեց, որ Հայաստանն ունի շատ հարուստ ջրային ռեսուրսներ: «Հաշվի առնելով, որ Հայաստանը ունի շատ հարուստ ջրային ռեսուրսներ, կարծում եմ՝ ձկնաբուծության ոլորտում կարելի է հետաքրքիր ծրագրեր իրականացնել: Արտադրության ոլորտում կարելի է ծրագրեր իրականացնել հատկապես իշխան ձկնատեսակի բուծման առումով: Կան շատ հզոր շուկաներ այդ ապրանքատեսակի իրացման համար»,- ասաց Մահմուդ Հոջջաթին: ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը նշեց, որ Իրանի գյուղնախարարի՝ Հայաստան այցի ընթացքում կայցելեն ձկնաբուծարաններ, անասնաբուծարաններ, վերամշակման գործարաններ, կոլեկցիոն և ինտենսիվ այգիներ, որպեսզի պրակտիկորեն նախարարին ցույց տան Հայաստանի հնարավորությունները: