Շուշիի պատմաճարտարապետական հուշարձաններից օրախնդիր է մնում Ռեալական ուսումնարանի շենքի վերականգնման հարցը, որը բերդաքաղաքի խորհրդանիշներից է համարվում:
Շուշիում օրախնդիր է մնում Ռեալական ուսումնարանի շենքի վերականգնման հարցը. քաղաքապետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը և հավելել, որ քաղաքապետարանի և կառավարության կողմից հատուկ ուշադրություն է դարձվում քաղաքի քրիստոնեական և մահմեդական հուշարձանների պահպանմանը:
«Շուշին ժամանակին եղել է Անդրկովկասի ամենահայտնի քաղաքներից, որի փառքի մասին շատերն են գրել և գովել: Այսօր այն մշակութային ժառագությունը, որ մեզ է բաժին հասել, մենք, միանշանակ, պետք է կարողանանք պահել, վերականգնել և փոխանցել մեր սերունդներին: Օրինակ՝ մահմեդական հուշարձաններից վերջերս Շուշիի Նիկոլ Դուման փողոցի վրա գտնվող Գոհար Աղա (Վերին Ջումա) իրանական մզկիթի տարածքում պեղումներ են իրականացվել, և որոշվել է այն վերանորոգել: Մեզ համար տարբերություն չկա՝ ինչ կրոնի մշակույթ է. բոլոր ազգերի մշակույթները պիտի լինեն հոգածության կենտրոնում»,- ասել է Ա. Սարգսյանը:
Բացի պատմամշակութային կոթողներից, քաղաքապետի խոսքով, ժամանակն է բարձրացնել նաև Շուշիի առողջարանային կենտրոնների վերականգնման հարցը: «Խորհրդային ժամանակաշրջանում Շուշին առողջարանային քաղաքի մեծ համբավ ուներ, և տարեկան հազարավոր մարդիկ էին գալիս այստեղ՝ բուժման նպատակով: Այս ուղղությամբ, ցավոք սրտի, այսօր շատ քիչ է խոսվում: Կարծում եմ՝ ժամանակն է այս մասին մտածելու, և նախկին առողջարանային կենտրոնները, որոնք այժմ գտնվում են քանդված և ավերված վիճակում, նորից շահագործելու: Հատկապես, որ քաղաքում կան մի քանի ժամանակակից հյուրանոցներ, որոնք պատրաստ են, ըստ պատշաճի, հյուրընկալելու քաղաք այցելող զբոսաշրջիկներին»,- նշել է Ա. Սարգսյանը: