Գեղասահքի Հայաստանի հավաքականի պարային երկյակ Թինա Կարապետյանն ու Սիմոն Պրու Սենեկալը երկրորդ անգամ մասնակցել են հանրապետության բաց առաջնությանը:
Գեղասահորդ Թինա Կարապետյան. Հայաստանում զգում եմ ինչպես տանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Զույգը մրցակցությունից դուրս էր, քանի որ միակն էր: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Թինա Կարապետյանը նշել է, որ այս փաստն իրենց չի խանգարել լավ հանդես գալ հայ մրցավարների առջև.
«Սովորաբար Անաստասիան, Սլավիկը, ես և Սիմոնն ենք ելույթ ունեցել Հայաստանի դրոշի ներքո: Շատ ուրախալի է, որ հարյուրավոր երեխաներ ևս մասնակցեցին այս առաջնությանը: Երրորդ անգամ եմ Հայաստանում: Շատ հաճելի է տեսնել իմ հայրենակիցներին, թե ինչպես են մարդիկ խոսում և գրում հայերեն: Այս ամենն ինձ թույլ է տալիս զգալ ինչպես տանը»,- տպավորություններով կիսվել է Թինա Կարապետյանը:
Խոսելով ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորության մասին` Թինան ասել է, որ ուղեգիր նվաճելու դեռ մեկ շանս ունեն.
«Սեպտեմբերին Գերմանիայում կայանալիք վարկանիշային մրցաշարում մենք կարող ենք Օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերել: Դրա համար պետք է քրտնաջան աշխատենք»:
Կարապետյանի պարային զույգը` Սիմոն Պրու Սենեկալն էլ նշել է, որ իր համար հաճելի է ելույթ ունենալ հայ հանդիսատեսի առջև: Սենեկալին հիացրել է հայկական մշակույթը: