Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 27-ին Երեւան քաղաքում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին:
Բակո Սահակյանը Երեւան քաղաքում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է. «Արցախի Հանրապետության պետականաշինության գերխնդիրներից է անվտանգության կենսունակ համակարգի ձեւավորումը եւ պահպանումը: Այն նաեւ համայն հայության կարեւորագույն առաջադրանքներից մեկն է, որի իրականացման համար ջանք ու եռանդ չեն խնայում Մայր Հայաստանը եւ Սփյուռքը: Այս ուղղությամբ մեծածավալ աշխատանք է իրականացվում նաեւ «Հայաստան»համահայկական հիմնադրամի խողովակներով»:
Նախագահն առաջարկել է «Հեռուստամարաթոն-2017»-ի ծրագրում ներառել խորքային հորերի հորատման, նոր ոռոգման ցանցի կառուցման եւ արեւային էներգիայի համակարգի ներդրման նախագծերը:
Նախագահ Սահակյանի բնութագրմամբ՝ ժամանակակից ոռոգման ցանցի կառուցումը նոր որակ կհաղորդի Արցախի պարենային անվտանգության բարձր մակարդակի ապահովմանը, գյուղատնտեսության զարգացմանը, կնպաստի գյուղական բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացմանը, մշտական ու երաշխավորված աշխատատեղեր կապահովի շրջաններում:
Առաջարկն ընդունվել է եւ ընդգրկվել 2017 թվականի հեռուստամարաթոնի ծրագրում: