ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասում ժամկետային երեք զինծառայողների ջրահեղձման դեպքից հետո զորամասի պաշտոնատար անձինք ենթարկվել են տույժի, եղել է նաև պաշտոնաթողություն:
Զինվորների ջրահեղձման հետևանքով պաշտոնանկ են արվել զորամասի հրամանատարն ու տեղակալները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:
Նրա խոսքերով՝ պաշտոնից հեռացվել են զորամասի հրամանատարն ու երկու տեղակալները, իսկ մի շարք զինծառայողներ կարգապահական տույժի են ենթարկվել, փոխանցում է Panorama.am-ը:
Նշենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ մայիսի 8-ի առավոտյան ահազանգ է ստացվել, որ ժամկետային երեք զինծառայողներ, N զորամասի պարետային դասակի ավտոմոբիլային ջոկի վարորդներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը, Ռաֆայել Արթուրի Բիշարյանը և նույն զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի բուժկետի վարորդ-սանիտար Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը չեն մասնակցել առավոտյան տողանին: Բացակայում է նաև պարետային դասակին պատկանող «ՈՒԱԶ-315195» մակնիշի ՊԲ6Լ-004 զինհամարանիշի ավտոմեքենան:
ԶՈՒ գլխավոր շտաբի պետը նաև հայտենց, որ Արցախի սահմանային ուղղությունն ամբողջությամբ ապահովվել է տեսադիտարկման սարքերով, ՀՀ սահմանը՝ մասամբ: