ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 29-ին ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկային:
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Արա Բաբլոյանը, ողջունելով դեսպանին խորհրդարանում, կարեւորել է միջխորհրդարանական կապերի, հատկապես պատգամավորական բարեկամական խմբերի դերը երկկողմ հարաբերություննների զարգացման գործում: ՀՀ ԱԺ նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատին՝ Հայոց ցեղասպանությունը եւ մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման համար՝ այս քայլը համարելով աշխարհում արդարության եւս մեկ հաղթանակ: Այս համատեքստում Արա Բաբլոյանը նշել է. «Հպարտ եմ, որ իմ ժողովուրդը, վերապրելով Ցեղասպանությունը, տարիներ շարունակ չունենալով պետականություն, կարողացել է ստեղծել ժողովրդավարական եւ կայուն պետություն, որն այսօր օգնում է այլոց հաղթահարել իրենց առջեւ ծառացած նմանատիպ խնդիրները»: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանն ընթանում են տարբեր ճանապարհներով. մենք ընտրել ենք ժողովրդավարության ուղին, իսկ Ադրբեջանը, հակառակը, գնալով թուլացնում է ժողովրդավարությունը: Պետր Միկիսկան ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առթիվ Արա Բաբլոյանին է փոխանցել Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլան Շտեխի եւ Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի շնորհավորագրերը:Դեսպան Միկիսկան անդրադարձել է հայ-չեխական հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի զարգացմանը եւ վերահաստատել Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահի՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահին ուղղված Չեխիա այցելելու հրավերը : Պետր Միկիսկան կարեւորել է փոխայցերի, ուսանողների եւ բժիշկների փոխանակման ծրագրերի դերը երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման գործում: Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում սահմանադրական փոփոխություններին, կառավարման խորհրդարանական համակարգի առավելություններին, նոր խորհրդարանում ընդդիմության գործունեությանը: