ԼՂ հակամարտության կարգավորման ոլորտում միջազգային քարոզչությանը մասնակցությունն ընդլայնելու համար սփյուռքն ազդակներ է ակնկալում ՀՀ իշխանություններից:
Արցախյան հարցը մշտապես սփյուռքի ուշադրության կենտրոնում է. ՌԱԿ կենտրոնական վարչության նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 29-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության նախագահ Սերխիո Նահապետյանը: «Անշուշտ, Արցախի հարցում Հայաստանի իշխանությունը պետք է մեզ ուղղորդի: Մենք հետևելու ենք Հայաստանի իշխանության քաղաքականությանը և ըստ դրա կկատարենք մեր քայլերը: Արցախյան հարցը մշտապես սփյուռքի ուշադրության կենտրոնում է»,- ասաց Նահապետյանը: Նրա խոսքով` սփյուռքը պետք է քայլեր ձեռնարկի Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ: Ըստ Նահապետյանի` աշխարհաքաղաքական ներկայիս գործընթացներով պայմանավորված՝ պետք է նոր քաղաքական մոտեցումներ ցուցաբերել: Այս առումով ատենապետը մտահոգիչ է համարում վերջին 5 տարիներին Ադրբեջանի վարած քաղաքականությունը: «Ադրբեջանը վերջին 5 տարում բավականին փոխել է իր քաղաքականությունը և ակտիվացել հատկապես այնտեղ, որտեղ հայ համայնքն ուժեղ է: Արգետինայում միլիոնավոր դոլարներ են ծախսում, ամիսը մեկ անգամ արգենտինացի պատգամավորներին հրավիրում են Ադրբեջան՝ իրենց հայացքները ներկայացնելու համար: Ուստի, մենք պետք է կարողանանք աշխարհի բոլոր կառավարություններում բարձր դիրք զբաղեցնել, որպեսզի զսպենք ադրբեջանցիների նման ակտիվությունը»,- ընդգծեց Նահապետյանը: Բուենոս Այրեսի նախկին պատգամավորը կարևորեց բոլոր կուսակցությունների միասնական աշխատանքը համայն հայության օրակարգային խնդիրները լուծելու համար: «Արգետինայում միասին գործ անելը հաջողվում է: Բոլոր կազմակերպություններն այն մտքին են, որ պետք է միասին լուծել խնդիրները: Այստեղ հայանպաստ գործունեությունը վեր է կուսակցությունների շահերից, և շատ ուրախալի է, որ նման համոզմունքը կիսում են երիտասարդները»,- ասաց Նահապետյանը: