Այսօր Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում տեղի է ունեցել Գյումրու «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի մրցանակային տեղեր գրաված արցախցի մասնակիցների պարգևատրման արարողություն:
«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի արցախցի մրցանակակիրները պարգևատրվել են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մրցանակակիրներին պարգևատրել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ազգային նվագարանների և հայ երգեցողության ամբիոնի վարիչ, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի կազմկոմիտեի անդամ Գևորգ Նորոյանը:
Պարգևատրման ավարտից հետո փառատոնի տարբեր անվանակարգերում հաղթող ճանաչված արցախցի երաժիշտները Երևան Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի սաների հետ միասին հանդես են եկել համատեղ համերգային կատարումներով:
Մեր թղթակցի հետ զրույցում Գ. Նորոյանը ասել է, որ մրցույթի նպատակն է հայ և օտարազգի ստեղծագործողների համար պայմաններ ստեղծել գեղարվեստական կրթության բնագավառում մանկավարժական փորձի փոխանակման, օտարազգի ստեղծագործողներին ծանոթացնել հայկական երաժշտարվեստին, ինչպես նաև հնարավորություն ընձեռել ներկայացնելու իրենց ազգային մշակույթի առանձնահատկությունները:
«Արցախցի մասնակիցները տարեցտարի ավելի մեծ ակտիվություն են ցուցաբերում մասնակցության առումով և դրան զուգահեռ նաև գրանցում բարձր ցուցանիշներ:Գովելի է, որ արցախցին լինելով պատերազմական իրավիճակում՝ ձեռքին ունենալով զենք, մշակույթը երբեք չի հեռանում: Ես ցանկանում եմ, որ ամեն մի արցախցի պատանի ունենա փայլուն հաղթանակներ ոչ միայն «Վերածնունդ», այլև միջազգային ավելի հայտնի մրցույթ-փառատոններում»,- ասել է Գ. Նորոյանը:
Հիշեցնենք, որ երաժիշտ կատարողների «Վերածնունդ» միջազգային 9-րդ մրցույթ-փառատոնը անց է կացվել Գյումրիում ապրիլի 12-ից մայիսի 30-ը: Այն նվիրվել է մի շարք երկրների հետ Հայաստանի ունեցած դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20-ամյա հոբելյաններին: Փառատոնի 19 անվանակարգերում մասնակցել են աշխարհի ավելի քան 35 երկրներից 3000 անհատ կատարողներ և խմբեր: