Բուժաշխատողի օրվա կապակցությամբ այսօր ԱՀ կառավարության շենքում ոլորտի մի խումբ աշխատակիցների հետ հանդիպել է ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը:
Մի խումբ բուժաշխատողներ մասնագիտական տոնի առթիվ արժանացել են պարգևների
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը, ողջունելով ներկաներին և շնորհավորելով բուժաշխատողի մասնագիտական տոնի առթիվ մասնավորապես ասել է. «Մասնագիտական բարձր պատրաստվածության ու հոգատար վերաբերմունքի շնորհիվ դուք՝ բուժաշխատողներդ, մարդկանց վերադարձնում եք ամենաթանկը՝ առողջությունը, հաճախ նաև՝ կյանքը:
Արցախի Հանրապետության առողջապահության ոլորտում տարեցտարի իրականացվող բարեփոխումները վկայում են, որ համակարգը եղել ու մնում է երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում. կառուցվում և շահագործման են հանձնվում նորանոր բուժհիմնարկներ` վերազինված ժամանակակից սարքավորումներով: Փորձառու բուժաշխատողների շարքերը համալրվում են բժշկական բարդ տեխնոլոգիաներին տիրապետող երիտասարդ մասնագետներով: Այսօր բժշկության առջև ծառացած խնդիրների ուղղությամբ տարվում են աշխատանքներ՝ բարձրացնելու համար առողջապահական համակարգի արդյունավետության մակարդակը, ներդնելու ժամանակակից տեխնոլոգիաներ, և բուժօգնությունը դարձնում առավել մատչելի՝ ուշադրություն կենտրոնում պահելով կադրերի վերապատրաստման հարցը»:
Բժշկության բնագավառում մասնագիտական կարողությունների դրսևորման ու ձեռք բերած հաջողությունների համար Բուժաշխատողի օրվա կապակցությամբ Կարինե Աթայանը մի խումբ աշխատակիցների պարգևատրել է ԱՀ վարչապետի հուշամեդալներով և առողջապահության նախարարության պատվոգրերով:
ԱՀ վարչապետի հուշամեդալի արժանացած կենսաթոշակառու բժիշկ Բորիս Թորոսյանն ասել է.«Ես անչափ ուրախ ու շնորհակալ եմ առողջապահության ասպարեզում երկար տարիների իմ և գործընկերներիս վաստակը գնահատելու համար: Տարիներ ի վեր ես անմնացորդ նվիրվել եմ իմ ժողովրդին՝ հնարավորինս ծառայելով նրանց: Պատերազմի տարիներին, երբ ուզում էի տղաներիս հետ մեկնել ճակատ, ինձ ասացին, որ կարող եմ այստեղ էլ բուժօգնություն ցույց տալ զինվորներին: Հիմնարկները փակ էին: Ես ու իմ բուժքույրը, վտանգելով մեզ, բացել տվեցինք ատամնաբուժական պոլիկլինիկան և ռմբակոծությունների տակ սկսեցինք հիվանդներ ընդունել»:
Իսկ ԱՀ Շահումյանի շրջանի Քարվաճառի շրջանային բուժմիավորման մանկաբույժ, պատվոգիր ստացած Ստյոպա Սարգսյանն էլ ասել է. «Առողջապահության համակարգի բուժաշխատողներին ցանկանում եմ խաղաղ և հանգիստ աշխատանք: Առողջահաության բնագավառի բոլոր աշխատաողներ, շարունակեք լինել հնարավորինս համբերատար, որովհետ մեր ժողովրդի հոգեբանական վիճակը պահանջում է նուրբ մոտեցում: 15 տարի է, ինչ աշխատում եմ որպես մանկաբույժ: Մեր աշխատանքն սկսել ենք շենքային շատ վատ պայմաններում, իսկ այսօր այդ առումով անհամեմատելի լավացել է պայմանները: Համագործակցությունը Ստեփանակերտի բուժհաստատությունների հետ բավականին սերտ է, և վերջիններս պատրաստակամ են ամեն ինչով աջակցելու: Աշխատանքս արժևորելու համար շնորհակալություն եմ հայտնում առողջապահության նախարարությանը»: