Այսօր՝ հունիսի 22-ին, Կառավարության հավանությանն է արժանացել ««Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ԼՂՀ օրենքի նախագծը, որը համապատասխան ընթացակարգով կներկայացվի ԱԺ-ի քննարկմանը:
Սոցիալական որոշ խմբերի աշխատանքային ստաժը կենսաթոշակի համար հաշվառելիս առավելություն կտրվի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ««Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի առաջարկությունները պայմանավորված են իրավակիրառման ընթացքում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:
Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է կենսաթոշակ նշանակելու համար օրենքով սահմանված աշխատանքային ստաժի առկայության դեպքում 1992 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 1994 թվականի մայիսի 1-ը ԼՂՀ զինված ուժերում զինծառայության, ինչպես նաև 1988 թվականի հունվարի 1-ից մինչև 1990 թվականի դեկտեմբերի 1-ը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին զինծառայողների մասնակցության ժամանակահատվածները աշխատանքային ստաժում հաշվառել մեկուկես չափով: Բացի այդ, առաջարկվում է սահմանել, որ ԽՍՀՄ և ԼՂՀ ուժային մարմիններում զինվորական ծառայության ժամանակահատվածները անձի աշխատանքային ստաժում հաշվառվեն անկախ պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության ենթակա լինելու և սոցիալական վճար կատարելու հանգամանքից: