Թուրքիան մերժել է Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Եգիպտոսի ու Բահրեյնի՝ Կատարում թուրքական ավիաբազան փակելու պահանջը։
Թուրքիան մերժել է Կատարում թուրքական ռազմաբազան փակելու պահանջը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը նշել է, որ բազայի փակվելու պահանջը դեռ չի տեսել, սակայն ակնարկել է, որ Անկարան մտադիր չէ վերանայել Կատարի հետ հարաբերությունները, որոնք հանգեցրել են բազայի ստեղծմանը, փոխանցում է News.am-ը։
Նրա մեկնաբանությունները հնչել են չորս արաբական երկրների՝ Կատարին իրենց 13 կետից բաղկացած պահանջների ցանկը ներկայացնելուց հետո, որոնց թվում է նաեւ թուրքական բազայի փակումը։
«Նման պահանջը, եթե այն իսկապես գոյություն ունի, նշանակում է միջամտություն երկկողմանի հարաբերություններին»,-նշել է Ըշըքը՝ հավելելով, որ դրա փոխարեն Թուրքիան կարող է մեծացնել իր ներկայությունը Կատարում։
«Թուրքական բազայի ամրապնդումը դրական քայլ կդառնա Պարսից ծոցի անվտանգության ենթատեքստում։ Կատարի հետ համաձայնագրի վերանայումը մեր օրակարգում ներառված չէ», - նշել է Ըշըքը։
Նրա խոսքով՝ Կատարում Թուրքիայի ներկայությունը պետք է առավելություն համարվի ամբողջ Պարսից ծոցի համար։ «Կատարի բազան թուրքական բազա է եւ բազա, որը կապահովի Կատարի եւ տարածաշրջանի անվտանգությունը»,-հավելել է նա։