Ռուսական աղբյուրները տեղեկացնում են, որ Չեչնիայում հնարավոր է հակաադրբեջանական տրամադրությունների էսկալացիա:
Չեչնիայում հնարավոր է հակաադրբեջանական տրամադրությունների էսկալացիա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ըստ «Նեզավիսիմայա գազետա»-ի, Չեչնիայի հոգեւոր առաջնորդ Սալահ Մեժիեւը հայտարարել է, որ Չեչնիայում իսլամի շիա ուղղությունը տեղ չունի, քանի որ շիաները գտնվում են Իրանի ազդեցության տակ եւ ենթարկվում են ծայրահեղական գաղափարախոսության:
Խնդրի շուրջ անհանգստություն է արտահայտել Չեչնիայի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ Շամիլ Թաղիեւը: Նրա ասելով` Չեչնիայի ադրբեջանցիները, որ իսլամի շիա ուղղության հետեւորդներ են, զրկված են աղոթելու հնարավորությունից, քանի որ հոգեւոր իշխանությունները նրանց առջեւ փակում են մզկիթների դռները:
Թաղիեւը հիշեցրել է, որ Ռամզան Կադիրովը Իլհամ Ալիեւին համարում է իր եղբայրը, իսկ Հեյդար Ալիեւը ժամանակին նրա հորը` Ահմադ Կադիրովին անվանել է Կովկասի ամենալավ զավակներից մեկը եւ հույս հայտնել, որ աշխարհիկ իշխանությունները թույլ չեն տա, որ Չեչնիայում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները տուժեն:
Եթե իրավիճակի մասին տեղեկություններ են հայտնվել մամուլում, նշանակում է` իրավիճակը շատ ավելի բարդ է: Մեկնաբանները գտնում են, որ խնդիրը ոչ այնքան կրոնական է, որքան` քաղաքական: Չեչնիան սերտ կապեր ունի Սաուդյան Արաբիայի եւ Արաբական էմիրաթների հետ, իսկ Ադրբեջանը վերջին լարվածության ֆոնին այդպես էլ չի կողմնորոշվել:
Ստույգ հայտնի չէ Չեչնիայում ադրբեջանցիների քանակը: Նրանք հիմնականում բնակվում են Գրոզնիում:Եւ եթե կրոնական դիմակայությունը շարունակվի, ապա չի բացառվում, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից եւ վերաճել բախումների:
Վահրամ Աթանեսյան