Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵրՊԲՀ) հետբուհական և շարունակական կրթության մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիայի նախագահ, «ԱՐԱԳԻԼ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամի բժշկական փորձագետ, պրոֆեսոր, գինեկոլոգ Կարինե Թոխունցն Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում» դասընթացներ և խորհրդատվություն է անցկացնում:
Երևանից ժամանած բժիշկը Ստեփանակերտում անց է կացնում դասընթացներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Կարինե Թոխունցն ասել է, որ Երևանի պետական բժշկական համալսարանի և ԱՀ առողջապահության միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում յուրաքանչյուր ամիս համալսարանի դասախոսները այցելելու են Արցախ և իրականացնեն ուսուցողական ծրագրեր, այսինքն՝ Արցախում դասախոսություններ և խորհրդատվություններ են իրականացնելու:
«Այցի նպատակն այն է, որ մենք մինչև տարեվերջ պետք է ունենանք հստակ գործելակարգ, որի համաձայն էլ մենք պետք է կատարենք պրենատալ սկրինինգային հետազոտություններ: Պրենատալ ախտորոշումն իրենից ներկայացնում է հետազոտությունների մի համալիր, որը թույլ է տալիս գնահատել դեռևս չծնված պտղի առողջությունը և ախտաբանական վիճակը: Հղիության ընթացքում սկրինինգային հետազոտություններ կանցնեն բոլոր հղիները. դրանով ժամանակին կկանխվեն հղիության ընթացքում հայտնաբերած շեղումները: Այդ առումով այստեղ անելիք շատ կա»,-մանրամասնել է Կարինե Թոխունցը՝ տեղեկացնելով, որ իրենց այցելություններն Արցախ լինելու են շարունակական:
Կ. Թոխունցի խոսքով՝ «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամը, որը գործում է Հայաստանում, աջակցում է նաև Արցախի բժշկությանը:
«Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո է ստեղծվել «Արագիլ» բարեգործական հիմնադրամը. մենք կխնդրենք, որ նա մեկ ժամանակակից ուլտրաձայնային սարք էլ տրամադրի Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ին,քանի որ տեղի սարքավորուման աշխատանքը բավարար չէ: Իհարկե, մեկ սարքավորումը մասնակի կթեթևացնի բժիշկների աշխատանքը, բայց Արցախի հղիները հնարավորություն կունենան անցնել պարտադիր հետազոտություն, որը անչափ կարևոր է: Բժիշկը պետք է կարողանա որակյալ կատարել ուլտրաձայնային հետազոտությունը. դրա համար, բացի խելացի մասնագետներ ունենալուց, անհրաժեշտ է նաև հետազոտման ժամանակակից սարքավորումներ ևս»,-ասել է Կ. հետո ավելացրել, որ ինքը գոհ է արցախցի մանկաբարձ-գինեկոլոգների աշխատանքներից, մակարդակից, մասնագիտական ունակություններից, ավելի կատարելագործվելու ձգտումներից: