Այսօր՝ հուլիսի 9-ի գիշերը, 51 տարեկան հասակում, Մոսկվայում մահացել է հայտնի բլոգեր, լրագրող Անտոն Նոսիկը:
Մահացել է հայտնի բլոգեր, լրագրող Անտոն Նոսիկը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով բլոգերի մտերիմներին՝ նշելով, որ նախնական տեղեկություններով մահվան պատճառը սրտի նոպան էր եղել:
Անտոն Նոսիկը Ռուսաստանի Դաշնությունում եղել է ամենահայտնի մեդիա-մենեջերներից մեկը: Նա խմբագիր է աշխատել այնպիսի հայտնի լրատվամիջոցներում, ինչպիսիք են Vesti.ru-ն, Lenta.ru-ն, Gazeta.ru-ն և NEWSru.com-ը: Եղել է նաև Rambler հոլդինգի մենեջերներից:
Անտոն Նոսիկը այս տարվա մարտի 20-ին այցելել էր Արցախ և մասնակցել Ստեփանակերտում կազմակերպված «Բլոգերների միջազգային ֆորումին»: «Արցախպրես»-ի հետ զրույցում Նոսիկը քննադատել էր Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Ալեքսանդր Լապշինի Ադրբեջանին արտահանձնման իրողությունը անվանելով միջազգային իրավունքի կոպիտ խախտում: